понедельник, 23 августа 2010 г.

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Քսաններ. Քաղաքական դասեր

«Արժանի՛ եղեք նախնյաց հիշատակին և կատարե՛ք նրանց երազը. այն է՝ կերտել Ազատ, Անկախ, Միացյալ և Ընկերվարական Հայաստան»....

Վերոնշյալ խոսքերով հանդես եկավ գրող-հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը Հունիսի 15-ին Կոնգրես հյուրանոցում ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության նախաձեռնած «Քսաններ. քաղաքական դասեր» կլոր սեղան-քննարկման ժամանակ։

1914-1915 թվականներ. ուղիղ 95 տարի առաջ թուրքական լծի տակ գոյատևում էր մի ողջ ժողովուրդ, ու ահագնանում էր ողբերգական պահը։ Բայց ծրագրված էր ամեն բան. պիտի խուսափեր հայ ժողովուրդը թուրք բարբարոսների կույր երազանքների զոհը դառնալուց... Պիտի դառնար Հայը ազատ, պիտի կառուցեր Անկախ իր հայրենիքը... Եվ կային այն Քսանները, ովքեր վճռական էին. անխուսափելի էր հրոսակ թուրք փաշաների մահը, այլապես վտանգի տակ էր մի ամբողջ ժողովուրդ։

Կլոր սեղան-քննարկման բանախոսներից առաջինը ելույթ ունեցած Մանուել Ադամեանը իր «Հնչակյաններն ու երիտթուրքական իշխանությունը» դասախոսության մեջ անդրադարձավ Օսմանյան Թուրքիայում դարասկզբին տիրող աղետալի վիճակին, երիտթուրքերի հրեշավոր ծրագրերին և ներկայացրեց այս ամենում հայ ազգային-ազատագրական պայքարի առաջամարտիկ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության դիրքորոշումը:

Նա հիշեցրեց, որ դեռևս 1908 թ-ին Փարիզում երիտթուրքերը մի քանի անգամ առաջարկեցին Հնչակյան պատասխանատուներին դաշինք կազմել իրենց հետ, սակայն պատասխանը հստակ էր` մերժում: Մանուել Ադամյանը հիշեց ՍԴՀԿ 7-րդ Կոստանցայի համագումարը, որտեղ օրակարգում միայն մի հարց կար` երիտթուրք ղեկավարների մահապատիժ:

Բայց չիրականացավ... Արթուր Եասյան կամ, իսկական անունով, Արշավիր Սահակյան. քսան կախաղանների մատնիչն էր սա... Քսաններին կանգնեցրին դատաստանի առջև, ու կախաղանները դատապարտեցին հայ ժողովրդին ողբալի Ցեղասպանության։

«Իմ խորին համոզմամբ, եթե Հնչակյան Քսան ղեկավարների վճիռն իրականանար, ապա Հայոց Ցեղասպանություն չէր լինի: Առանց Թալեաթ-Էնվեր-Ջեմալի, թուրք ոճրագործներն ուղղակի ի վիճակի չէին լինի նման հրեշավոր ծրագիր իրականացնել»,- նշեց Գրիգոր Ջանիկյանը, իսկ Մանուել Ադամյանը զուգահեռներ անցկացրեց դարասկզբի և մեր ժամանակների միջև` նշելով. «Որքան հրեշավոր էին թուրք ղեկավարներն այն ժամանակ, այնքան նենգ և խորամանկ են հիմա։ Ներկա և նախկին թուրք ղեկավարների հայատյաց քաղաքականությունը փոխվել է միայն իրականացման մեխանիզմների, բայց ոչ նպատակների մեջ»:
Նույնն է հայատյաց քաղաքականությունը, բայց նույնն է նաև Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Քսանների հանձնարարությունը կատարելու ուղեգիծը։ 95 տարի անց, այսօր էլ, Հնչակյան կուսակցությունը իր սոցիալիստական և դեմոկրատական հայացքներին հավատարիմ շարունակում է պայքարել Հայաստանի ազգային, ընկերային, տնտեսական և քաղաքական վերելքի համար։ Սա են վկայում Քսանների հիշատակը ոգեկոչող այն բազմաթիվ միջոցառումները, որոնք տեղի են ունենում ամեն տարի հունիսի 15-ին Հայաստանում ու Հայ սփյուռքի բոլոր անկյուններում։

Անի Ափյան

Комментариев нет:

Отправить комментарий